«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է. «Որևիցե բանակցություն չի ընթանում, որովհետև որպեսզի ընթանան բանակցություններ, վարչությունը պետք է առնվազն լիազորեր համապատասխան անձանց, որպեսզի նրանք վարեին բանակցություն, նաև բանակցություն ինչի շուրջ։ Մենք նման բանակցություններ չենք վարում, և չեմ էլ կարծում, որ որևիցե մեկը մեր անունից կարող է նման հայտարարություններ անի, ուղղակի դրանք մամուլում հնչեցրած կարծիքներ են։ Իհարկե հնարավոր է տեղի են ունենում հանդիպումներ այս կամ այն քաղաքական գործչի, կամ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, բայց դրանք լոկ հանդիպումներ են, քննարկումներ են, բայց ոչ պաշտոնական»։
«Դուք կո՞ղմ եք Սեյրան Օհանյանի հետ մեկ ցուցակով ընտրություններին գնալուն» հարցին Զարուհի Փոստանջյանը պատասխանել է. «Նախ պետք է լինի հստակ ձևակերպված քաղաքական օրակարգ, պետք է ներառի բոլոր այն դրույթները, որոնք չեն կրկնում այս 25 տարիները և ընդհակառակը՝ այլընտրանք են առաջարկում այս 25 տարիներին և դեռ ավելին՝ դատապարտում են այս 25 տարիների արատավոր երևույթները, և նաև պատասխանատվության կանչել բոլոր այն անձանց, ովքեր պատասխանատու էին այդ արատավոր երևույթների համար։ Այդ համախմբված քաղաքական միավորը պետք է հստակ նաև հայտարարի, որ նա չի ընդունում այս Սահմանադրությունը, նա չի ընդունում, որպես այդպիսին, այս ընտրությունները, որովհետև ընտրությունները տեղի չեն ունենալու հավասար պայմաններում։ Եթե կլինեն նման քաղաքական միավորներ, ովքեր պատրաստ են սպասարկել այդ քաղաքական պլատֆորմը, գալիս են ապրիլյան այդ քաղաքական գործողությանը մասնակցում են, այսպես կոչված ընտրությունների անվան տակ, որպես առիթ օգտագործում են, գալիս են ընդամենը վեց ամսով։ Անցումային մոդել եմ առաջարկում այդ պլատֆորմի շուրջ՝ արտաքին քաղաքականությունը պարտադիր պետք է ներառի, որ մենք որևիցե տարածք հնարավորություն չունենք զիջելու կամ փոխզիջելու»։ «ՀԱԿ-ի համագործակցությունը բացառու՞մ եք, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ Կոնգրեսը կողմ է դաշինքին, բայց իր հռչակած այդ խաղաղության, բարիդրացիության սկզբունքների շուրջ» հարցին ի պատասխան Զարուհի Փոստանջյանը նշել է, որ «Ժառանգությունը բարիդրացիության սկզբունքները միանշանակ հարգում է և ասում ՝«մեր հայրենիքն են օկուպացրել, այլ ոչ թե մենք ենք օկուպացրել», մենք որևիցե մեկի տարածքը չենք օկուպացրել»։
Նա չի ընդունում Լևոն Տեր-Պետրոսյանի փոխզիջումային խաղաղության մոդելը. «Խաղաղությանը հասնելու մոդելն այդ մոդելը չէ, և հետևաբար նրա հետ, իհարկե, մենք ընդհանրապես որևիցե համագործակցության եզրեր չունենք»։ Նա բացառել է և Վիկտոր Դալլաքյանի ու Վարդան Օսկանյանի հետ համագործակցությունը.
«Քվեարկություններ տեղի ունեցան Ազգային ժողովում, որոնք հստակ քաղաքական դիրքորոշում էին պահանջում, որը վերաբերում էր, օրինակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, փաստորեն մենք կրկնեցինք այն նախկին կեղծարարներին, այսինքն՝ մենք նորից վերընտրվեցինք, նույն կազմը, և այստեղ, եթե մենք խոսում ենք համախմբման մասին, ես հստակ հարցեր ունեմ՝ այդ մարդիկ ո՞ւր էին օրինակ, ինչո՞ւ դեմ չէին քվեարկում հազար դրամներին, որտե՞ղ էին նրանք, եթե այս հարցերը չունեն պատասխաններ, ապա ես չեմ կարծում, որ կարող ենք արհեստական համախմբում թույլ տալ և ասել, որ միայն Սերժ Սարգսյանը չլինի, որպեսզի մենք նրանից ազատվենք, գնանք ցանկացած քայլի, ոչ, այդպես չէ» և ասել է, որ. «Ժառանգությունը» միայնակ կգնա ընտրությունների, որովհետև կարող ենք ներկայացված լինել ցանկացած դեպքում, ցանկացած ձևաչափով, ցանկացած խորհրդարանում: Մենք խնդիր չունենք անցողիկ շեմի մասով, մեր խնդիրն այլ է՝ եթե մենք կարողանում ենք այս անցումային փուլը սպասարկել, առաջնային մեր խնդիրը դա է»։